Բահրեյնի Թագավորությունում փետրվարի 14-ին դաժան բախումներ են տեղի ունեցել շիաների եւ անվտանգության ուժերի ստորաբաժանումների միջեւ: Փետրվարի 15-ին երկրի ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվել է մեկ  ոստիկան եւ մեկ ցուցարար:

Խռովությունները տարածվել են նաեւ մայրաքաղաք Մանամայից ոչ հեռու գտնվող մի քանի բնակավայրերում: Բախումները սկսվել են երկրում բողոքի զանգվածային ցույցերի  երկրորդ տարելիցին, որոնք ճնշվել էին Սաուդյան Արաբիայի զինված ուժերի աջակցությամբ:

Հանրահավաքներ են անցկացվել Բահրեյնի հիմնական շիական ընդդիմադիր «Ազգային համաձայնության իսլամական հասարակություն» (Ալ Վիֆակ) խմբավորման նախաձեռնությամբ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

2011թ. փետրվարի 14-ին Թագավորությունում դաժան բախումներ էին սկսվել շիաների եւ ոստիկանության միջեւ: Այն ժամանակ զոհվել էր երեք մարդ: Ցույցերը տեղի էին ունեցել կղզի-պետությունում Ազգային խարտիայի ընդունման 10-ամյա տարեդարձի ժամանակ:  Շիաները կազմում են բնակչության 80%-ը, նրանք կարծում են, որ խարտիան իրենց չի տրամադրել խոստացած իրավունքները: