Իմ առաջադրվելը գաղտնիք չի եղել ՀԱԿ-ում,  այդ հարցը քննարկվել է, բայց ես չգիտեմ, թե ինչպես են ընդունել դա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, «Մեդիակենտրոնի» հյուրասրահում հայտարարեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ առաջադրվելու մասին մտադրություն ուներ հայտարարեր սեպտեմբեր-հոկտեմբերին, բայց սպասեց, Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թեեւ ի սզբանե գիտեր, որ նրա առաջադրվելու շանսերը բարձր չեն: 

Անդրադառնալով ՀԱԿ անունով ստեղծվելիք կուսակցությանը՝  Հրանտ Բագրատյանն ասաց, որ կլինի ՀԱԿ կուսակցություն, որը կապ չունի ՀԱԿ դաշինքի հետ: «Կստացվի հակասություն կուսակցության եւ դաշինքի միջեւ: Իհարկե, նրանց իրավունքն է ստեղծել ՀԱԿ կուսակցություն, բայց խնդիր է ծագելու դաշինքի հետ կապված: ՀԱԿ դաշինքը պահպանելը, իհարկե, դժվար է»,- ասաց նա:

Խոսելով դաշինքի անվանումը որպես կուսակցության անուն օգտագործելու մասին ՝ նա նշեց, որ ՀԱԿ անվան հեղինակային իրավունքը  Լեւոն Տեր-Պետրոսյանինն է,  ինքը չի բողոքի:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ թեեւ իշխանության կազմաքանդելը ամբողջովին չստացվեց, բայց անպտուղ չեղավ,  քանի որ «եթե ՀԱԿ-ը չլիներ, Հայաստանը տասնապատիկ վատ վիճակում կիներ, եթե չլիներ ՀԱԿ-ի դամոկլյան սուրը, Տիգրան Սարգսյանը կմոռանար «ռեֆորմներ» բառը»: Հրանտ Բագրատյանի կարծիքով՝  ՀԱԿ-ն իր մոտեցմամբ ինչ-որ տեղ ամրապնդեց իշխանությանը, որը  ինչ-որ տեղ կարողացավ լուծել ճգնաժամը, սակայն եթե չհաջողվի փոխել նախագահին, ապա առաջիկա հինգ տարիներին չենք ունենա  բարեփոխումներ: