ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր մահափորձի մեջ որեւէ նախագահի թեկնածուի չի կասկածում, նույնիսկ՝ էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին: Այս մասին, այսօր փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը
Նա չցանկանավ անդրադառնալ Վարդան Սեդրակյանի՝ իր մահափորձի մեջ մասոնական կազմակերպություններին մեղադրելու հայտարարություններին. «Չեմ արձագանքել եւ չեմ արձագանքում, մարդ է, իր տեսակետն ունի»,- նշեց նա՝ հայտնելով, որ ինքը դատավոր չի ուզում լինել:
Միեւնույն ժամանակ, Պարույր Հայրիկյանը նշեց, որ բոլոր թեկնածուներն իրենց պահվածքով ցույց են տվել, որ իրենք կողմ են այդ մահափորձին, իսկ եթե մեկ այլ թեկնածուի հետ դա պատահեր, ապա ինքն անպայման կդադարեցներ քարոզարշավը մինչեւ այդ մարդու ասպարեզ գալը: «Մեկը ասում է՝ իրավիճակն է փոխվել, մեկը՝ մահափորձ չի եղել, տեսականորեն կարծես բոլորին ձեռնտու էր, մի թեկնածու էլ պակասեց»,- նշեց նա:
Իր մահափորձի գործով ձերբակալվածների մասին էլ նա նշեց, որ իրեն բազմիցս փորձել են լուսանկարներ ցույց տալ, սակայն ինքը չի նայել եւ չի նայելու, իրեն դա «պետք չի»: «Ես գիտեմ, որ ով էլ որ է, նա տասներորդ աստիճանի կատարող է, կուզեի իմանալ վերջին պատվիրատուն ով է: սա իմ դեմ չի ուղղված, բոլորի դեմ է ուղղված»,- նշեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











