Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի անդամները հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 16-ը գրանցել են քարոզարշավի իրավունքների եւ Ընտրական օրենսգրքի խախտման մոտ 100 դեպք: Բոլոր խախտումներն եղել են ի շահ Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: Այս մասին այսօր` փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու , «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Խուրշուդյանի խոսքով` արդեն ազդանշաններ են եղել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս եւ Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում արդեն սկսել են բաժանել նախընտրական կաշառք`  10 հազար դրամի չափով եւ այդ գումարն աճել է այն պատճառով, որ շատերը չեն վերցրել. «Օրինակ Վանաձորում նախընտրական կաշառքը բաժանել է քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Պառավյանը, իսկ Վանաձորի քիմիական կոմբինատում կաշառքի բաժանման հարցով զբաղվում է  ոմն քրեական հեղինակություն` Սերյոժիկ անունով»:

Հովսեփ Խուրշուդյանը նաեւ հաղորդել է իշխանությունների կողմից ընտրությունների կեղծման նորույթների մասին. «Իշխանության թեկնածուի նախընտրական շտաբներին բաժանվել են գունավոր թանաքներով գրիչներ, որոնք հետո պետք է տրվեն այն քաղաքացիներին, ովքեր նախընտրական կաշառք են վերցրել: Այդկերպ իշխանությունները փորձում են վերահսկել այդ քաղաքացիներին»:

Խուրշուդյանի խոսքով` Կենտրոնական ընտրական հանձնաժողվն ու Ոստիկանությունն այդ խախտումները սկսում են հետաքննել այն բանից հետո միայն, երբ նրանց ծանուցում են այդ մասին, սակայն դա նրանց պարտականությունն է` տեսնել եւ վերացնել խախտումները:Չնայած բազմակի խախտումների, Խուրշուդյանի խոսքով, Ոստիկանությունը դեռ չի հայտարարել, որ գտել է որեւէ մեղավորի:

Նա նաեւ նշել է, որ հաճախ այն քաղաքացիները, ովքեր հայտնել են խախտումները, նախնտրել են անհայտ մնալ, քանի որ վստահ են եղել, որ ավելի շուտ հենց իրենք կպատժվեն, քան իրական խախտողները: