Թուրքիայի Մերձավոր Արեւելքի տեխնիկական համալսարանում Աստվածաբանությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ ֆեմինիստների խումբը փորձել է խանգարել ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանի ելույթը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, կոնֆերանսի այն պահին, երբ ամբիոնին է մոտեցել Սեւան Նիշանյանը, նրա դեմ սկսել են բողոքել ֆեմինիստական խմբավորման անդամներ։ Միեւնույն ժամանակ մեկ այլ խմբի անդամներ պահել են պաստառ, որի վրա գրված է եղել «Ես քեզ սիրում եմ, Սեւան»։
Ֆեմինիստները գրավել են ամբիոնը եւ հայտարարել, որ թույլ չեն տա, որ Նիշանյանը խոսի։ Հայտնի է դարձել, որ ֆեմինիստները բողոքը կապված է եղել Սեւան Նիշանյանի՝ 2007-ին, ամուսնալուծության ժամանակ կնոջ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի հետ։
Սեւան Նիշանյանն իր հերթին հայտարարել է, թե չի լքելու դահլիճը եւ առանց խոսափողի է ելույթ ունեցել։











