«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել Գյումրիի 34/36 ընտրատեղամասում փետրվարի 18-ին ժամը 17:45-ի սահմաններում արձանագրված միջադեպի վերաբերյալ, որի քննությունը կիրականացնի ՀՔԾ-ն: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ չի ցանկանում պատասխանել ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի անհեթեթություններին: «1996թ Սուքիաս Ավետիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի համար էր կուրծք ծեծում, եւ նույն բառերն էր օգտագործում, որի թշնամին է այսօր դարձել, դրա համար անհեթեթություններին չեմ պատասխանում»,- նշեց նա:
Ռուբեն Հակոբյանը պատմեց, որ իրականում հանցագործություն էին կատարում, ինչը ինքը փորձել է կանխել եւ կարծես թե ստացվել է: Նրա խոսքով ` իրենք «Ժողովրդավարության ակադեմիա» կազմակերպության անվան տակ նստած արձանագրում էին, թե որ ընտրողը եկավ ընտրատեղամաս, քանիսն է մնում, որ գա եւ այդ արդյունքները արձանագրում էին եւ հաղորդում: «Ժառանգության» պատգամավորը եղել է մի քանի տեղամասերում եւ բոլոր տեղերում էլ նույն «Ժողովրդավարության ակադեմիայի» ներկայացուցիչները նույն բանն էին կատարում, «իրականացնում էին ընտրություններին մասնակցող քաղաքացիների հաշվառում»:
Այդ մասին Ռուբեն Հակոբյանին ահազանգել էր հանձնաժողովի անդամներից մեկը, ով «Ժառանգության» անդամ էլ չէր. «Չորս տղամարդ հանձնաժողովի կին անդամին այն օրն էին գցել, որ վերջինս դողում էր ամբողջ մարմնով, ինֆարկտի էին հասցնում»,- պատմեց նա` շեշտելով, որ ինքը համարժեք պատասխան է տվել: Այդ պահին հայտնվել է Սուքիաս Ավետիսյանը, ով ցանկանում էր «դեբոշ» ստեղծել, բայց Ռուբեն Հակոբյանի կարծիքով` չստացվեց: «Ըստ էության` ես ընդամենը կանխել եմ իր կողմից իրականացվող հանցագործությունը»,- ասաց նա` հավելելով, որ այդ տեղամասում Սուքիաս Ավետիսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձն է, սակայն այդ տեղամասում արդեն Սերժ Սարգսյանի վստահված անձ կա, իսկ օրենքը արգելում է երկու վստահված անձի առկայություն:
Դիտարկմանը, թե դեպքի վերաբերյալ գործը կքննի ՀՔԾ-ն, պատգամավորն ասաց, որ եթե անհրաժեշտություն կա, թող օրենքը գործի այնպես, ինչպես պետք է, օրենքի ցանկացած դրսեւորման ինքը կողմ է:
Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ 34/36 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 442 քվե, իսկ Սերժ Սարգսյանը` 203:
Նշենք, որ 2013թ. փետրվարի 18-ին` ժամը 17:45-ի սահմաններում Գյումրիի թիվ 34/36 ընտրատեղամասում ԱԺ պատգամավորներ՝ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի քննությունը կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ իր եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ չի եղել միջադեպը: «Ռուբեն Հակոբյանը մտել է հանձնաժողով, ներկայացել է որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ եւ հանձնաժողովի անդամներին ահաբեկել է, որ դուք հանցագործություն եք արել, ես ձեր հերները կանիծեմ, դատի կտամ, կզանգեմ, ձեզ կգան կտանեն: Իմ վստահված անձը զանգել է ինձ, թե սենց բան է տեղի ունենում, ես էլ գնացի, այնտեղ: Ասում եմ` ինչ է պատահել, բա հանցագործությում է տեղի ունեցել, ասի` հանցագործություն է տեղի ունեցել, ոստիկանություն զանգիր, ինչ իրավունք ունես ահաբեկես հանձնաժողովին, կանայք են ասի, երիտասարդներ են, դուք քեզ ոնց ես թույլ տալիս ահաբեկել, ինքը, թե բա ես հիմա բողոք եմ գրում, ասի` գրի, ինչ իրավունք ունես մարդկանց ահաբեկես»- պատմել է նա:











