Ընտրություններին 60 տոկոս մասնակցությունը բավականին կասկածելի թիվ է: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք հետեւում էին ամբողջ ընտրական գործընթացին եւ հատուկ ծրագրով հաշվարկում էին, թե տվյալ տեղամասը քանի ընտրողի կարող է սպասարկել իքս ժամանակահատվածում՝  յուրաքանչյուր ընտրողի համար առանձնացնելով նվազագույնը 40 վայրկյան: Վարուժան Հոկտանյանը արձանագրեց, որ շատ ավելի մասնակից է եղել, քան հանձնաժողովը կարող էր սպասարկել:

«Մասնակցությունն ոռւճացված է եղել, մի շարք տեղամասերում ֆանտաստիկ արագ քվեարկություններ են եղել»,- նշեց նա: 

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն էլ արձանագրեց ընտրատեղամասերում ներս ու դուրս անող մարդկանց, ուղղորդումների, լրագրողներին ու դիտորդներին ուղղված սպառնալիքները:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի պարտությունը Շիրակի մարզոմւ, Լեւոն Բարսեղյանն այսպես մեկնաբանեց. «Իշխանությունը պարտք է Գյումրի քաղաքին՝ շատ լուրջ սոցիալական, քաղաքական, տնտեսական իմաստով: Այս մարդիկ համարում են, որ զարգացման գոտի են դարձրել, բայց դեռեւս աղքատությունը, անօթեւանները բարձր տոկոս են կազմում, եւ պարզվեց, որ միջին ընտրողը կարող է նման վարք դսրեւորել»:

Լեւոն Բարսեղյանն իրավապահ մարմինների աշխատանքը վատ գնահատեց՝ տեղեկացնելով, որ դատախազությունում «Ֆեյսբուքից» գրառումները «սքրին շոթ» են անում, այնուհետեւ տալիս ոստիկանությանը, որտեղից կանչում են եւ բացատրություն են պահանջում. այդպես պատահել է հենց իր հետ:

Լեւոն Բարսեղյանը շեշտեց, որ ոստիկանները գալիս են  եւ լրագրողներից ապացույցներ են պահանջում, ասես լրագրողներն իրենց փաստահավաք խումբն են, անվճար պետք է աշխատեն իրենց համար, բոլոր ապացույցները, մատնահետքերը տան:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է 53 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը՝ 45: