Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այսօր` փետրվարի 19-ին բողոքի ակցիա են անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջեւ` «Չծնված ժողովրդավարության վախճանը» խորհրդանշական անվանումով (ֆոտոռեպորտաժ):
Ակցիայի մասնակիցները սգո ծաղկեպսակ են դրել ԿԸՀ առջեւ` սգալով թափանցիկ ու ազատ ընտրությունների վախճանը:
Ակցիայի սկզբում քաշքշուկ է եղել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, իրավապահները թույլ չէին տալիս մոտենալ ԿԸՀ շենքին եւ տեղադրել ծաղկեպսակը: Ակցիայի մանսակիցները ոստիկաններին կոչ են արել չխախտել իրենց ազատ տեղաշարժվելու եւ խոսքի ազատության իրավունքին: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հետ բանակցություններից հետո ակտիվիստներին թույլատրվել է մոտենալ եւ տեղադրել «Չծնված Ժողովրդավարության վախճանը» գրությամբ սգո պսակը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ առջեւ բողոքի ակցիան սկսվել էր կեսգիշերին, երբ մի խումբ երիտասարդներ հավաքվել էին շենքի առջեւ` «Վերջ շինծու ընտրություններին» պաստառով, եւ նստացույց էին սկսել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











