Այս քվեարկության արդյունքը չի արտացոլում ժողովրդի քաղաքական կամքը: Այս մասին այսօր` փետրվարի 19-ին, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի դիտորդների զեկույցից հետո հացադուլից դուրս գալով, Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը: «Եւվս մեկ քայլ էր, որը ժողովրդին հեռացրեց եւ ժողովրդավարական արժեքներից եւ եվրոպական արժեքներից: Եվ այն գնահատականները, որոնք հնչել են եվրոպացի դիտորդների կողմից, վկայում են, որ միջազգային դիտորդները սատարում են քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում, ովքեր մտադիր են եվրոպական հարկատուների փողերը տրամադրել կոռուպցիոն կառավարությանը»,- նշեց նա:

Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին,  նախագահի թեկնածուն նշեց, որ կարծում է, որ դա բնականոն միջադեպ է, այդպես էլ պետք է լիներ, նման գնահատակնները չէր կարող բավարարել մեր հանրությանը, մարդիկ պետք է ընդվզեն

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ եթե մեզ համար թանկ է մեր երկիրը, ապա պետք է պայքարենք, ուժերը ներդնենք երկրում իրադրությունը փոխելու համար:  Նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ շեշտեց, որ իր նպատակն էր հայաստանյան եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում կեղծ եւ շինծու ընտրությունների վրա: Նա իրեն չի համարում պարտված, նախագահական ընտրություններից որեւէ արդյունք չի ակնկալել, քանի որ քարոզարշավ որպես այդպիսին, չի արել:

Ի դեպ, նախագահի թեկնածուն այսօր հանձնած արյան անալիզների արդյունքներից տեղեկություն չուներ: Նա նշեց, որ դրա մասին կարող ենք իմանալ վաղը Առողջապահության նախարարությունից: Հացադուլից դուրս գալուց հետո Անդրիաս Ղուկասյանը ուղեւորվեց տուն, բժիշկները նրան համապատասխան ուղեցույց են տվել, թե ինչպես դուրս գալ հացադուլից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am