«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը իր համախոհների հետ մնացել է Ազատության հրապարակում, բայց լուսադեմին նրանք տուն են գնացել:
NEWS.am-ի թղթակցի՝ առավտոյան ժամը 10.30-ին Ազատության հրապարակ այցելության ժամանակ, հանրահավաքի մասնակիցներից գրեթե ոչ ոք այնտեղ չկար, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հրապարակում չէր: Հրապարակում կանգնած զրուցում էին փոքրաթիվ մարդիկ:
ՀԺԿ երիտասարդական խորհրդի նախագահ, փետրվարի 16-ից Րաֆֆի Հովհաննիսյանին միացած Նարեկ Վարազդատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հանրահավաքի մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին ամբողջ գիշեր մնացել են հրապարակում, գիշերն անցել է նորմալ, առանց միջադեպերի, զրուցում էին իրենց համախոհների հետ, վրաններ չեն խփել, քանի որ դրա կարիքը չկար: Նա տեղեկացրեց, որ լուսադեմին հանրահավաքի մասնակիցները գնացել են տուն՝ հանգստանալու եւ այսօր ժամը 13.00-ին պատրաստվում են հերթական հանրահավաքին: Նա նշեց, որ, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 14.00-ին ՀՀԿ-ն նույնպես հանրահավաք ունի Ազատության հրապարակում, սակայն չգիտեն կգան, թե չեն գա, ամեն դեպքում ժամը 13-ին իրենք անելու են իրենց հանրահավաքը:
Նարեկ Վարազդատյանը վստահեցրեց, որ կես ժամից Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի Ազատության հրապարակում: Կմնան նրանք այսօր հրապարակում, թե` ոչ, ցույց կտան հետագա զարգացումները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











