Նախագահական ընտրություններից հետո, այսօր` փետրվարի 21-ին, առաջին անգամ տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվել են հետընտրական զարգացումների հետ կապված հարցեր, ներքաղաքական իրավիճակը եւ ընտրությունների արդյունքները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված ի՞նչ հարցեր են քննարկվել, նա պատասխանեց. «Նախագահը ՀՀԿ գործադիր մարմին անդամներին տեղեկացրեց հանդիպման մանրամասների մասին: Ինչպես տեղյակ եք, հանդիպումը մեկ ժամից ավելի է տեւել: Ընդամենը կարող եմ փոխանցել, որ նախագահի գրասենյակն արդեն ինֆորմացիա տարածել է: Մեր երկրում բոլոր քաղաքական զարգացումները պետք է լինեն բացառապես մեր երկրի օրենսդրության եւ Սահմանադրության սահմաններում»:

Նրա խոսքով` փետրվարի 18-ին տեղի ունեցան ժողովրդավարական, ազատ, արդար ընտրություններ, որոնց արդյունքում երկրի նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: «Սա փաստ է, որն անհերքելի է եւ որեւէ բանակցությունների կամ կոմպրոմիսների թեմա լինել չէր կարող: Սա մեր հասարակության մեծամասնության ընտրությունն է: Մենք էլ պարտավոր ենք սրբորեն պաշտպանել ՀՀ անկախ ու ազատ քաղաքացիների որոշումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ նախագահն իրենց փոխանցել է մանրամասներ, սակայն ինքն այսքանը կարող է փոխանցել:

Հարցին, թե ինչո՞ւ Ազատության հրապարակում տեղի չունեցավ ՀՀԿ-ի նախապես հայտարարված հանրահավաքը, Շարմազանովն արձագանքեց. «Վախենալու մասին խոսք լինել չի կարող, քանի որ վախենալը քաղաքական կատեգորիա չէ: ՀՀԿ-ն լինելով պետականամետ կուսակցություն, որը երբեք չի գնացել բախումների ճանապարհով, զերծ մնալու համար անցանկալի, թեկուզ փոքր լարվածություններից, նախընտրել է այսօրվա հանրահավաքը տեղափոխել` վստահ լինելով, որ շուտով բոլորով կտոնեն հասարակության հաղթանակը:

Էդուարդ Շարմազանովը նաեւ ասաց, որ կադրային հարց այսօրվա նիստում չեն քննարկել, սակայն հիշեցրեց, որ քաղաքագիտության մեջ ընդունված նորմ է, որ երբ չես ցանկանում լճանալ, պետք է պատրաստ լինես փոփոխությունների, որն իր հերթին չպետք է լինի ինքնանպատակ: 

Հարցին, թե Սերժ Սարգսյանը նեղացած չէ՞, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լինելով Հայաստանում, չի  մասնակցել ընտրություններին  եւ չի շնորհավորել գործող նախագահին, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ ՀՀ նախագահին  շնորհավորել է ՌԴ նախագահը, Վրաստանի նախագահը, Իրանի նախագահը, Չինաստանի նախագահը եւ այլք: «Ամենակարեւորը մեր հասարակության մեծամասնությունն է շատ բարձր գնահատել: Մեզ համար շատ թանկ է, ոչ միայն այդ գնահատականները, այլեւ այն մարդկանց կարծիքը, որոնք չեն քվեարկել մեր եւ մեր թեկնածուի օգտին եւ դա նորմալ է: Իսկ նախագահին նեղացնելը  շատ դժվար գործ է, որովհետեւ նախագահը այն անձնավորությունն է, որը 25  տարվա ընթացքում ապացուցել է, որ ինքը գաղափարի եւ պետական գործիչ է»,-ավելացրեց Էդուարդ Շարմազանովը: