ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընտրությունների արդյունքները գնահատում է շատ լավ եւ բարձր: Այս մասին նա ասաց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո  լրագրողների հետ զրույցում: Հովիկ Աբրահմյանի խոսքով` ինքը շատ նորմալ է համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն է հավաքել: «Դա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, այլեւ այն մարդկանց, ովքեր դեմ են այսօրվա իշխանությանը: Որեւէ երկիր կա՞, որ իշխանությունը 100 տոկոս ձայն է ստանում կամ 90, 80: Մենք ունենք թերություններ, որոնք պետք է ուղղենք եւ ունենք այդ ներուժը, որ այնպես անենք, որ ժողովրդի այդ դժգոհությունը մարի»,-նշեց Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ կոալիցիայի նոր ձեւաչափին վերաբերող հարց չեն քննարկել:

ԱԺ նախագահը նշեց, որ ինքը կողմ է, որ լինի հաշտություն, ժողովրդի, իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի միջեւ: «Ընտրությունն ավարտվեց եւ ես կարծում եմ, որ 58 տոկոս հավաքածը հաղթել է, իսկ 37 տոկոս հավաքածը` պարտվել»,-ասաց նա եւ համոզմունք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին ոտքի հանելու ցանկություն չունի:

«Եղել են երեք տեղամասերի վերաբերյալ դիմումներ: Բոլոր տեղամասերը բացվել են: Մի տեղամասում ձայները մեր օգտին են ավելացել, երկու տեղամասում` Րաֆֆի Հովհաննիսյանի: Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը: Գոյություն ունի Սահմանադրություն, օրենք: Եթե որեւէ մի լուրջ խախտում չկա, ինչի մասին է խոսքը: Բոլոր երկրներում էլ թերություններ կան»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը հերթական անգամ ստիպված եղավ կրկնել, որ վարչապետ դառնալու ցանկություն չունի, իսկ վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել: Ավելին` նա գտնում է, որ վարչապետը նորմալ աշխատում է: Ի դեպ, հարցին, թե չե՞ն ցանկանում Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոն տալ, նա պատասխանեց, որ առաջինն ինքը պետք է ուզի, իսկ նախագահի պաշտոնը չեն կարող տալ, որովհետեւ դա իրենց ցանկությունով չի, ժողովուրդն է ընտրել Սերժ Սարգսյանին: