Այսօր` փետրվարի 21-ին, Ազատության հրապարակում «Ժառանգության» նախագահ, նախագահական ընտրություններում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի` քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել: Վիճել են «Ժառանգության» փոխնախագահ, նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը եւ քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, երկու կողմերը տարբեր կերպ ներկայացրին:
Կարեն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենք քաղաքացիներով` 5-10 հոգի, կանգնած խոսում էին Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու մասին, մասնավորապես` հարցադրումներ էին դրվում, թե օրինակ` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու հարցը ի՞նքը պետք է որոշի, թե՞ ժողովուրդը: Ակտիվիստը նշեց, որ իրենց խոսակցությունը մի քիչ բարձր է ստացվել, եւ այդ ժամանակ, իրենց է մոտեցել Արմեն Մարտիրոսյանը եւ ասել. «Մի գոռացեք»: «Մենք էլ ասացինք` գիտեք ինչ, եթե ինչ-որ մի բան էլ գոռացել ենք, գոռալու մեջ ի՞նչ կա, ինքն էլ, թե մի գոռացեք, ասի` դուք եք որոշո՞ւմ, ասաց` այո, ես եմ որոշում: Հետո Արմեն Մարտիրոսյանը բարձրացավ բեմ եւ հայտարարեց, որ մենք պրովակատոր ենք»,- պատմեց ակտիվիստը:
Նա սպասել է, որ Արմեն Մարտիրոսյանը հիմնավորում ներկայացնի, կամ հրապարակավ ներողությոն խնդրի, իսկ մինչ այդ «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցիչ` Ստյոպա Սաֆարյանը, նրանից ներողություն է խնդրել:
Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ակտիվիստները քաղաքացիների հետ գոռալով խոսում էին, մոտ 25-30 մետրից նրանց գոռգոռոցներն էր լսում: Ինքը միջամտել է` ասելով, որ «որեւէ մեկը որեւէ մեկի հետ գոռալով չպետք է խոսի, կարող եք հանգիստ բանավիճել, բայց բղավել քաղաքացիների վրա որեւէ մեկի կողմից թույլ չի տրվելու, առավել եւս, երբ կազմակերպիչն իրենք են եւ պատասխանատվությունն իրենք են կրում»:
«Իրենց պատասխանը շատ կոպիտ էր, եւ միանշանակ էր ինձ համար, որ իրենք այլ նպատակ են հետապնդում, փորձում էին ուշադրությունն իրենց վրա կենտրոնացնել: Ես չէի ճանաչում այդ երիտասարդներին, բայց քանի որ մենք ունենք հրաշալի բլոգեր Իզաբելա Աբգարյանը, ով բոլորին ճանաչում է, նշեց, որ նա մի անձնավորություն է, ով վերջին շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կապված բացասական նյութեր է տպել, մինչ այդ ասել է, որ պետք է այնպես անենք, որ այդ պայքարը մեր ուզածով տանենք, ուղղորդենք: Այդ հրապարակում մի օրակարգ կա, այդ օրակարգը ժողովրդի կողմից ընտրությունների օրակարգն է, որտեղ ժողովուրդն իր վստահության քվեն տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց նա:
Հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանն ո՞ւմ հետ է խորհրդակցել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ պարոն Հովհաննիսյանը շատ հստակ հայտարարել է, որ ցանկանում է նախագահի հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ չի կարծում, որ խորհրդակցելու առանձնակի կարիք ուներ: «Ըստ էության` ինքը կատարել է այն քայլը, որի մասին խոսել է նախօրոք»,- նշեց «Ժառանգության» փոխնախագահը:
Նշենք, որ փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է նախագահական նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Դրանից հետո Նախագահականի դիմաց հավաքված մարդկանց նա կոչ է արել գնալ իրենց գործերին` ասելով, որ դիվանագիտական հանդիպումներ ունի, իսկ նախագահի հետ հանդիպման մասին մանրամասներ կներկայացնի վաղվա հանրահավաքում:











