Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքը, որն ուշանում էր էլեկտրականության բացակայության պատճառով: Հանրահավաքը, նշենք, որ արտոնված չէր քաղաքապետարանի կողմից:

Բարձրախոսի մոտ միայն Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ով նշեց, թե փետրվարի 28-ին, ժամը 17-ին, Ազատության հրապարակում արդեն քաղաքապետարանի կողմից արտոնված հանդիպում է լինելու: «Այս հավաքի համար մենք մի փոքր ուշացանք, հայ ենք, ներող կլինենք: Բայց շնորհակալ ենք ոստիկանությունից, որ մեզ հետ են, ապահովում են հոսանքը, որ մի քանի րոպե խոսեմ ձեզ հետ»,- նշեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր որոշել էր գրավոր խոսել: «Ազատության հրապարակն այլեւս կուսակցություններ չեն ճանաչում: Այստեղ կանգնած է առաջին հերթին Հայաստանի քաղաքացին,ո վ գիտի, որ մենք ունենք մեկ դրոշ, մեր ազգային դրոշակը:

Այստեղ կանգնած են անգամ այն մարդիկ, ովքեր իրենց քվեարթերթիկներն անվավեր ճանաչեցին: Այստեղ մեզ հետ է 88-ի շունչը, եւ 2008-ի ոգին»,- նշեց նա եւ հավելեց. «Մեզ հետ ժողովրդի կողմից ընտրված նախագահները` Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը»: Հովհաննիսյանը կրկին չնշեց 2008թ. ընդդիմության թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը:

«Մեր միակ փրկությունը մեր միասնական ուժի մեջ է: Այսօր Արարատյան դաշտում մի նոր ջրհեղեղ է բարձրանում, որը գալիս է մաքրելու մեր երկիրը իր բոլոր կեղտերից, ստերից, ստորություններից, եւ որի ալիքի տակ խեղդվել է վախը, ստրկամտությունը, որոնք հայկական արժեքներ չեն, խեղդվելու են այդ օտար արժեքները»,- նշեց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հարգանք է տածում բոլորի նկատմամբ, ովքեր օրենք են հարգում: Նա դիմեց ոստիկանությանը` խնդրելով վախ չտարածել, գաղտագողի չնկարել իր կողմնակիցներին, չհայտարարել, թե ապօրինի են հավաքները:

Նա հայտնեց, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է հայտարարել ընտրության վերջնական արդյունքները: «Արդեն սա Հայաստանի իշխանությունների եւ այդ հանձնաժողովի ճշմարտության պահն է: Լավ թող մտածեն` իրավունքով, օրենքով, ժողովրդով եւ իմաստությամբ: Այդ հայտարարությունից մեկ ժամ անց ես ասուլիս եմ տալու: Ով հարց ունի իր սրտում, իր մտքում, իր պատասխանը կստանա»,- ասաց Հովհաննիսյանը: Նա նշեց, թե փետրվարի 26-ին բարեւի հեղափոխությունը տանելու է քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ: Թեկնածուն ժամը 11-ին լինելու է Արմավիրում, 11:45` Մեծամորում, 12:30` Էջմիածնում, 13:30` Մասիսում, 14:30` Արտաշատում, 15:30` Արարատում, 16:30` Սուրենավանում, 17:30` Արենիում, 18:15` Եգեղնաձորում, եւ 19-ին` Վայքում: Փետրվարի 27-ին «Ժառանգության» առաջնորդը լինելու է ժամը 11-ին` Ագարակում, 12-ին` Մեղրիում, 14-ին` Քաջարանում, 15-ին` Կապանում, 17-ին` Գորիսում, 18:30-ին` Սիսիանում:

Փետրվարի 28-ին` նա լինելու է Չարենցավանում (11:00-ին), Բյուրեղավանում (12:00-ին), Նոր Հաճնում (13:00-ին), Աբովյանում (14:00-ին), իսկ ժամը 17-ին` համապետական, համազգային արտոնված է անցկացնելու Ազատության հրապարակում: «Արդեն խաղ չկա, ճար չկա, մեր հաղթանակն է լինելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Առաջիկա օրերի հանդիպումները ներկայացնելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե, հարգելով ոստիկանությանը, ավարտում է հանրահավաքը եւ իր ընտանիքի հետ գնալու է Եռաբլուր` հարգելու զոհված ազատամարտիկների հիշատակը: «Սա երթ չէ, եթե ուզում եք, կարող եք մայթերով, ընտանիքներով քայլել դեպի Եռաբլուր: Եթե ուզում եք որեւէ բան վանկարկել, միայն մեր երկրի անունը, ուրիշ ոչ մի բան»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում խոսել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ հայտնել, որ հրապարակում հոսանք չկա: Ապա Հովհաննիսյանին էր մոտեցել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ հայտնել, որ զբաղվում են հոսանքի խնդրով:

Նշենք, որ ընտրություններում 37 տոկոս ձայն ստացած նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ճանաչում իր պարտությունն ընտրություններում, երեկ հանդիպել է Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի եւ Գյումրիի ընտրողների հետ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am