Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց հաստատել, որ Հայաստանն իրոք կուսակցապետություն է, այլ ոչ ժողովրդավարական երկիր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, ԿԸՀ-ում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր-ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հաստատման փաստը:

«Խիստ բացասական եմ ընդունում այդ որոշումը: ԿԸՀ-ն որոշեց վավերացնել ընտրակաշառքները, ապօրինի կերպով վարչական ռեսուրսի կիրառումը, ձայնագողությունը, լցոնումները, Հայաստանի Հանրապետությունից բացակայողների փոխարեն կրկնակի քվեարկությունը: Եւ վերջապես որոշեց հաստատել, որ Հայաստանն իրոք կուսակցապետություն է, այլ ոչ ժողովրդավարական երկիր: Ցավում եմ, որ ԿԸՀ-ն նման որոշում ընդունեց, եւ ըստ էության նպաստեց ապօրինությունների տարածմանը»,- նշեց նա:

Հարցին, թե ինչ է անելու «Ժառանգություն» կուսակցությունը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժառանգությունը» պայքարելու է: Եւ ինչպես տեսնում եք` ամբողջ Հայաստանից երիտասարդները հավաքվել են, ամբողջ Հայաստանը հարավից հյուսիս ոտքի են կանգնել, եւ մեր քաղաքացիական պայքարի շնորհիվ ոչ թե «Ժառանգությունը», այլ ՀՀ քաղաքացին հասնելու է հաղթանակի եւ իր իշխանությունը ձեւավորելու»:

Նշենք, որ ԿԸՀ-ն այսօր նիստ է գումարել եւ ամփոփել փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքները, ըստ որոնց Սերժ Սարգսյանը ստացել է 861 հազար 373 ձայն կամ ընտրողների 58,64%-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը`  539 հազար 693 կամ 36,75%-ը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am