Չելյաբինսկի իշխանությունները քաղաքում փետրվարի 15-ին ընկած երկնաքարի հուշարձանը տեղադրելու վճիռ են կայացրել: Այդ մասին հայտնում է մարզի կառավարությունը:
«Չելյաբինսկի մարզով սուրացած երկնաքարը երկար կմնա հարավուրալցիների հիշողությունում: Շրջանի բնակիչներն ականատես դարձան աշխարհում հազվադեպ իրադարձության: Այդ պատճառով էլ իշխանությունները եւ նախաձեռնող քաղաքացիներն արդեն մտածել են, թե ինչպես հավերժացնեն այդ միջմոլորակային «այցը»` Չելյաբինսկի երկնաքարին նվիրված հուշարձան տեղադրեն եւ լոգո որոշեն տպագրական եւ հուշանվերային արտադրության համար», - ասվում է utro.ru-ի մեջբերած հաղորդագրության մեջ:
Մոտ ժամանակներս աշխատանքային հատուկ խումբ կստեղծվի այդ նախագծով զբաղվելու համար: Երկնաքարի հուշարձանը եւ լոգոտիպը՝ երկնաքարի գրաֆիկական պատկերը, պետք է ստեղծեն իրադարձությունների անմիջական ականատես չելյաբինսկցիները: Արդեն մշակվում են երկու համապատասխան մրցույթների դրույթներ:
Հիշեցնենք, որ Չելյաբինսկում երկնաքարը պայթել էր փետրվարի 15-ին` 30-50 կմ բարձրության վրա: Պայթյունների շարքի հետեւանքով բազմաթիվ տների ապակիները կոտրվել էին, ավերվել էին այլ կառույցներ: Պայթյունից եւ դրա հետեւանքներից տուժել էին հազարավոր մարդիկ:











