Երկրաշարժից անմիջապես հետո խոսք տրվեց, որ աղետի գոտին ու մասնավորապես Գյումրին կառուցել երկու տարում, եւ ընդամենը երկու տարվա հաշվարկով էլ, ուր պատահեր` առանց հիմքի եւ բետոնապատման, հողի վրա տեղադրվեցին վագոն-տնակները, սակայն Գյումրիում արդեն 25 տարի է, ինչ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բնակվել վաղուց շարքից դուրս եկած եւ պարզապես բնակության համար ոչ պիտանի դարձած այդ ժամանակավոր կոչվող կացարաններում:
Գյումրիի վագոն-տնակներում իրոք սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:
Տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները, ինչը պայմանավորված է նաեւ վառելափայտի տարեցտարի թանկացմամբ: Նրանց օգնելու նպատակով «Շիրակ կենտրոնն» այս տարի, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների կողմից հատկացված գումարներով գնել է զգալի քանակության վառելափայտ, որը շարունակաբար բաժանվում է տնակների սոցիալապես առավել խոցելի ընտանիքներին:
Ներկայացվող տեսանյութը եւս 20 ընտանիքների փետրվարի 10-ի լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման եւ տնակային պայմաններում ապրող մի քանի ընտանիքների մասին է:











