Ականատեսները հրապարակել են Լուքսորի երկնքում օդապարիկի պայթյունի տեսագրությունը, որի հետեւանքով զոհվել էր 19 մարդ: Եգիպտական Լուքսորում օդապարիկի ընկնելու  ընթացքում կրակից փրկվել փորձող մարդիկ ցած են նետվել  մեծ բարձրությունից եւ մահացել: Սարսափելի  միջադեպի ականատեսները ցնցված են: 

Ողջ են մնացել միայն եգիպտացի օդաչուն եւ բրիտանացի երկու զբոսաշրջիկները, սակայն նրանցից մեկն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:  Մյուս զոհերը` Հոնկոնգից ինը չինացի զբոսաշրջիկներ, չորս ճապոնացի, երկու ֆրանսիացի, երկու բրիտանացի, հունգարացի եւ եգիպտուհի, վնասվածքներից եւ այրվածքներից տեղում մահացել են:   Որոշ մարդիկ բառացիորեն  ողջ-ողջ այրվել են:

Ողբերգությունը կատարվել է փետրվարի 26-ի լուսաբացին, երբ օդապարիկը թռչում էր հնագույն Լուքսոր քաղաքի վերեւով: Ըստ նախնական տվյալների` բռնկման պատճառը գազի պայթյունն է եղել:

Ականատեսները պատմում են, որ օդապարիկի զամբյուղում զբոսաշրջիկներից բացի եղել է նաեւ չորս գազի բալոն: Մեկը դեռ օդում է պայթել, մյուսները `գետնին ընկնելիս: Ըստ  առաջինը դեպքի վայր ժամանած տեղի բնակիչների` օդապարիկից թռել է ինը մարդ: Մյուսները մնացել են զամբյուղում եւ ամբողջությամբ այրվել, գրում է NEWSru.com-ը: