YouTube-ում  շուրջ ութ միլիոն դիտում հավաքած խեղդվող այծին փրկող խոզուկի տեսագրությունը կեղծ է եղել: Տեսահոլովակը Կանադայի CBC հեռուստաալիքի կատակերգակ եւ ռեժիսոր Նաթան Ֆիլդերի նոր հաղորդման սյուժեն է եղել, հայտնում է The New York Times-ը:

2012թ. սեպտեմբերին համացանցում տեղադրված տեսագրությունում այծը փորձում էր ջրից դուրս գալ, սակայն նրա կճղակները մնացել էին քարերի արանքում: Օգնության է հասնում քաջարի խոզուկը, որը ցատկում է ջուրը եւ դուրս հրում այծին:

«Իմ նպատակն էր Քալիֆորնիա նահանգի Օակ Գլեն քաղաքի ֆերման դարձնել տեղի տեսարժան վայր: Դրա համար մեզ պետք էր աստղ դարձած կենդանի: Եվ դուք ընտրեցիք հերոս խոզուկին», - պարզաբանել է Նաթան Ֆիլդերը: Ըստ նրա` սկզբում իրենք փորձել են նկարահանել ֆերմայի խոզերից մեկին, սակայն «նա պատրաստ չէր»: Եւ այդ ժամանակ նկարահանող խումբը վարձել էր պրոֆեսիոնալ  դերասան խոզուկի:  Սակայն նա լողալ չգիտեր: «Պատրաստեցինք պլաստիկե հատակ եւ միջանցք, որով խոզուկը քայլում էր», - պատմել է Ֆիլդերը: 30 վայրկյանանոց հիթը նկարահանելու համար պահանջվել է 20 մասնագետ, գրում է  NEWsru.com-ը: Ֆիլդերը բոլորին պարտավորեցրել է  ոչ ոքի չպատմել կատարվածի մասին:

Միանգամից YouTube-ում հայտնի դառնալով` տեսահոլովակը հայտնվել է ԱՄՆ-ի կենտրոնական ալիքներում`ABC, Fox, NBC: «Ես զարմացած էի, թե որքան  դյուրահավատ են մարդիկ: Ես նույնիսկ  հատուկ մեկնաբանություններ չէի արել:  Սակայն մենք հասկացանք, որ մեր շոուն հանդիսատեսին անտարբեր չի թողնի», - ապշել է կատակերգուն: 2006թ. հեռուստատեսությունում մեկնարկող Ֆիլդերի հաղորդումը կոչվում է  «Նաթանը քեզ համար» եւ պետք է եթեր դուրս գա փետրվարի 28-ին: