ՀՀԿ խորհրդի, եւ դրան հաջորդած ՀՀԿ գործադիր մարմնի փետրվարի 28-ին կայացած նիստից հետո մարզպետների մի մասը դուրս էր գալիս բարձր, իսկ մի մյուսները՝ վատ տրամադրությամբ: Նրանց ուղղվող հիմնական հարցն էր` շարունակելո՞ւ են պաշտոնավարել, թե` ոչ:

Նիստից հետո Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստին պաշտոնանկությունների հարց չի քննարկվել, Դավիթ Հարությունյանը ներկայացրել է բոլոր խնդիրները, դիտորդական խմբերի եզրակացությունները, արձանագրված խախտումները, իսկ նախագահի տրամադրությունը շատ բարձր է եղել: Իսկ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ասաց, որ իրավասու չէ թե մյուս մարզպետների, թե իր մասով որեւէ հայտարարություն անել: «Ես կարծում եմ, որ ճիշտ է կուսակցության անունից հանդես գա մամուլի քարտուղարը»,- ասաց նա:

Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե երկրի նախագահը գո՞հ է իր աշխատանքից, ինչին ի պատասխան, նա հայտնեց, որ նախագահի հետ իր հանդիպման մանրամասները չի կարող ասել:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն անընդմեջ կրկնում էր «Վաղը, վաղը, բարի գիշեր» եւ չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին: «Չե՞ք տեսնում` տրամադրությունս բարձր է»,- ասաց նա: Հարցին, թե պաշտոնանկ լինելո՞ւ եք, թե` ոչ, նա պատասխանեց. «Ոնց ասեք», ապա հավելեց, որ շարունակելու է աշխատել:

Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը ժխտողական պատասխաններ տալով եւ «չէ, չէ» ասելով հեռացավ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանն էլ նշեց, որ լրագրողներից է լսում պաշտոնանկության, պաշտոնավարության մասին հարցերը, առհասարակ կադրային հարցեր խորհրդի նիստին չի քննարկվել:

Եթե Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նիստին եկել էր անտրամադիր, ապա նիստից դուրս եկավ բարձր տրամադրությամբ: Նա նշեց, որ նախագահը գոհ է իր աշխատանքից եւ ինքը շարունակելու է պաշտոնավարել: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւս նշեց, որ ինքը, իհարկե, շարունակելու է պաշտոնավարել: Նրա խոսքով՝ նախագահը բոլորի աշխատանքից գոհ էր, որեւէ մեկին նկատողություն չի արվել:

Ամենից անտրամադիրը թերեւս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն էր: Հարցին, թե շարունակելո՞ւ եք պաշտոնավարել, նա պատասխանեց. «Դա ձեր գործը չի, չեմ ասելու, չե՞ք ամաչում, հետեւիցս ո՞ւր եք գալիս, կարող ա ես ուրիշ տեղ եմ գնում»:

Արագածոտի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեցինք, թե իր գործընկեր Տավուշի մարզպետը ինչու էր այդքան անտրամադիր, հնարավոր է պաշտոնանկ անեն, սակայն նա չէր նկատել նման բան: «Ինչի՞ պիտի պաշտոնանկ անեն, ի՞նչ է եղել, ինչի՞ պիտի ինձ վտանգ սպառնա, ի՞նչ է եղել»,- ասաց Արագածոտնի մարզպետը: Հարցին, թե շարունակելո՞ւ եք պաշտոնավարել, նա այսպես պատասխանեց. «Այո, բայց ինչո՞ւ պիտի չմնամ: Նախագահն իր դիրքորոշումը կասի, կսպասենք: Կարծում եմ նախագահը գոհ էր իմ կատարած աշխատանքից»,- ասաց նա` շեշտելով, որ ամբողջ հանրապետությունում Սերժ Սարգսյանի հավաքած ձայների թվով իրենց մարզը երրորդ տեղում է:

Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանից եւս հետաքրքրվեցինք մարզպետների «ճակատագրով», սակայն վերջինս մեր հարցին ի պատասխան ասաց` «Ցտեսություն ձեզ»: