Ես միշտ դասը նախընտրում եմ դասադուլից, բայց ոչ մեկն իրավունք չունի մեր ուսանողներին բան ասել: Այդ մասին, այսօր՝ մարտի 1-ին, Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով այս օրերին ուսումնական հաստատությունների մոտ ընթացող բողոքի ակցիաները:

«Ես միշտ դասը նախընտրում եմ դասադուլից, բայց ոչ մեկն իրավունք չունի մեր ուսանողներին բան ասել, ձեռք բարձրացնել, պատժել: Հենց այդ ուսանողները պետք է լինեն համալսարանում, իսկ ընտրախախտ շեֆերը դուրս գան համալսարանից»,- նշել է նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ ընտրությունների օրը համատարած կեղծիքներ են եղել: «Մենք դիմել ենք նվազագույնը 120 տեղամաս վերահաշվարկ անելու, եւ միայն չորսում դրական պատասխան ենք ստացել, եւ ըստ էության համատարած որեւէ կեղծիք եւ սուտ չի բացահայտվել, մերժվել են մեր բոլոր ջանքերը»,- նշեց նա:

Խոսելով մի քանի պաշտոնյաների հրաժարականների մասին՝ «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Ես վստահ եմ, որ իրենց մոտ հազարավոր ընտրակեղծիքների ապացույցներ կան, եւ դրանք բխում են ամենաբարձր ատյաններից: Ուրախ եմ, որ գործընթացը կա, բայց թող մասնակի չլինի, եթե թոզ փչելու համար է գործընթացը, կդատապարտվի մեր կողմից»:

Հարցին, թե ինչո՞ւ հանրահավաքներում չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Վաղը կխոսենք»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչու Հովհաննիսյանի ընտանիքի անդամները Հայաստանի քաղաքացի չեն մինչ օրս, իսկ որդիները չեն ծառայել զինված ուժերում: «Իմ որդիներն ու ընտանիքս ամբողջ կյանքը ծառայության մեջ են, եւ շատ ուրախ եմ, որ որդիս՝ Արմեն Ռիչարդը դիմել է եւ ստացել Հայաստանի քաղաքացիություն, 16 տարեկանում»,- նշեց նա: Ավելին, պարզվում է, որ Հայաստանի բաղձալի քաղաքացիությունը ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ դիմել է բանակ զորակոչվելու համար, սակայն քանի որ արդեն մեծ էր, նրան չեն տարել բանակ:

Նշենք, որ մամուլի ասուլիսից հետո Հովհաննիսյանը՝ կողմնակիցների եւ լրագրողների ուղեկցությամբ երթով ուղեւորվեց Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգելու 2008թ. Մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am