Առաջիկայում թողարկվելիք Samsung-ի նոր սմարթֆոնը՝ Galaxy S IV-ը, կարձագանքի օգտվողի աչքերի շարժմանը:

The New York Times-ին հարավկորեական ընկերության աղբյուրը հայտնել է, որ սմարթֆոնից օգտվողները կարող են հայացքով թերթել էկրանի էջերը: Սարքը կհետեւի օգտվողի հայացքին եւ, որոշելով, որ նա մինչեւ վերջ կարդացել է տեքստը, կթերթի էջը:

Չի ճշտվում, թե սմարթֆոնն ինչպես է հետեւելու օգտվողի հայացքին: Հավանաբար դրա համար կկիրառվի սարքի առջեւի վահանակում տեղակայված սարքը:

2012թ. մայիսին թողարկված Galaxy S III-ում եւս օգտագործողը կարող է սարքի վրա ազդել հայացքով: Քանի դեռ մարդը նայում է սարքին, էկրանը չի անջատվում: Այդ գործառույթը ստացել է «Ինտելեկտուալ սպասում» (անգլերեն՝  Smart Stay) անվանումը:

Galaxy S IV-ում «հայացքով կառավարման» մասին լուրերը հաստատվում են  Samsung-ի գործողություններով: 2013թ. հունվարին ընկերությունը հայտ էր ներկայացրել Եվրոպայում, իսկ 2013թ. փետրվարին՝ ԱՄՆ-ում Eye Scroll ապրանքանիշի գրանցման մասին, գրում է lenta.ru-ն:

Galaxy S IV սմարթֆոնը կներկայացվի մարտի 14-ին Նյու Յորքում: Միջոցառումը տեղի կունենա Թայմզ սքվեր հրապարակում: 

Մարտի 5-ին Samsung-ը թողարկել էր նոր սմարթֆոնին նվիրված առաջին գովազդային հոլովակը:  Այնտեղ Galaxy S IV-ի բնույթը չի բացահայտվում, սակայն գովազդի կերպարներից մեկն այն անվանում «գունավոր հեռուստատեսության հայտնվելուց ի վեր ամենատպավորիչ սարքը»: