Google-ը SXSW տեխնոլոգիական գիտաժողովում «խոսող մարզակոշիկ» է ներկայացրել  (Talking Shoe), որը ստեղծել է Adidas-ի հետ համատեղ: Խելացի կոշիկը հետեւում է տիրոջ գործողություններին, քաջալերում ակտիվության եւ կշտամբում պասիվության համար:

Կոշիկում տեղադրված աքսելերոմետրը եւ գիրոսկոպը շարժման մասին տեղեկատվություն են հաղորդում միկրոչիպին, որը տեքստային հաղորդագրություններ է կազմում՝ ուղարկելով օգտվողի սմարթֆոնին կամ սոցցանցերի  էջերին: Օրինակ, եթե կոշիկը դժգոհ է մարդու անշարժ կանգնելուց, հեգնաբար ասում է տիրոջը. «Եթե տեղում կանգնելու մրցումներ անցկացվեին, դու հաստատ չեմպիոն կդառնայիր»:

Կոշիկում կա Bluetooth մոդուլ, որը թույլ է տալիս միանալ սմարթֆոնին: Օգտվողը կարող է բջջային սարքում հավելված տեղադրել, որը տեղեկատվություն կպահպանի մարզական ձեռքբերումների մասին ու դրանք կտարածի սոցցանցերում:

Կոշիկի մշակումը Art, Copy, Code ծրագրի մի մասն է, որն ուղղված է առօրյա կյանքի պարագաներում սոցիալական տեխնոլոգիական մեխանիզմների ներդրմանը: