Ռուսաստանում լայն հասարակական արձագանք է ստացել Մոսկվայի Տվերի դատարանի որոշումը, որը 3 տարի ազատազրկման է դատապարտել ուսանողուհի Ալեքսանդրա Լոտկովային: Աղջիկը նախորդ տարվա մայիսին Մոսկվայի մետրոյի «Ցվետնոյ բուլվար» կայարանում գազային ատրճանակից կրակել եւ վիրավորել է երկու երիտասարդների:

Քրեական գործ է հարուցվել «Դիտավորյալ առողջությանը ծանր վնաս հասցնելը» հոդվածով: Լոտկովան չի ընդունել իր մեղքը՝ հայտարարելով, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով, գրում է «Ինտերֆաքսը»:

Աղջիկը պատմել է, որ Իվան Բելաուսովն ու Իբրահիմ Քուրբանովը ծեծել են իր ընկերներին, ընդ որում իր վրա հարձակվողի ձեռքին դանակ է եղել, ուստի ինքը ստիպված է եղել կրակել:

Հարձակվողներից մեկին տեղափոխել են Սկլիֆոսովսկիի ինստիտուտ, նրա թոքն է վնասված եղել: Քննիչները համարել են, որ նման ագրեսիվ ինքնապաշտպանության կարիք չի եղել: Արդյունքում Ալեքսանդրան մեկ տարի անցկացրել է տնային կալանքի տակ, իսկ այժմ նաեւ դատապարտվել է:

Ինչպես հաղորդում է НТВ-ն,ուսանողուհու փաստաբանը դատավճիռն անարդար է համարում եւ մտադիր է բողոքարկել այն:
Դատավճիռը համացանցում եւս բուռն քննարկման առարկա է դարձել, ընդ որում, մեծամասնությունը հանդես է եկել ի շահ աղջկա: Հաճախ պատմությունը նմանեցնում են ըմբշամարտիկ Ռասուլ Միրզաեւի գործի հետ, որի հարվածից հետո մահացել էր Իվան Ագաֆոնովը. «Մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաեւը, ով լավ իմանալով իր հարվածի ուժն, առանց որեւէ հարգի պատճառի հարվածել է մարդու դեմքին եւ նրան դիակ է դարձրել, ազատության մեջ է: Իսկ ուսանողուհի Ալեքսանդրա Լոտկովան` զենք կիրառելու հմտություն չունենալով, կրակել է իր վրա հարձակվող մարդկանց վրա եւ ոչ ոքի չի սպանել` ազատարկվել է երեք տարով»: