Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստը ուղեկցվել է բողոքի ակցիաներով: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այստեղ էին հավաքված Բուզանդի փողոցի բնակիչները, որոնց բնակտարածքները պետական գերակա շահ էին ճանաչվել եւ 2004թ նրանք «վտարվել էին» իրենց բնակարաններից: Նրանց խնդիրը մինչ օրս չի լուծվում, ինչն էլ դժգոհության առիթ է: Բնակիչները դժգոհում էին, որ մինչ այսօր ոչ միայն իրենց խնդիրը չի լուծվել, այլեւ չափագրումներ են արվել, 129 բնակարանի մասով վճիռ կա, սակայն իրենք ընդգրկված չեն այնտեղ, մինչդեռ իրենց փողոցից 35 ընտանիք ընգրկված է այդ ցանկում: Ավելի ուշ նրանց մոտեցել է քաղաքապետարանի աշխատակազմից Արթուր Կարապետյանը, ով փոխանցել է, որ Տարոն Մարգարյանը Գործադիր մարմնի նիստում է, սակայն աշխատակիցներին հրահանգել է վերադառնալ աշխատանքի եւ բնակիչներին ուղեկցել քաղաքապետարան, սպասել այնտեղ, մինչ Տարոն Մարգարյանը նիստից հետո միանա իրենց: Բնակիչները համաձայնեցին եւ այդպես հեռացան:
Մինչ ՀՀԿ ԳՄ նիստը սկսվելը, այստեղ էին նաեւ Ռոբերտ Ա-ի ծնողները: Վերջինս նոյեմբերի 4-ից կալանավորված է: Նրա մայրը` Նաիրա Եղիազարյանը, փոխանցեց, որ տղան նոյեմբերի 4-ից կալանավորված է խարդախության մեղադրանքով, սակայն ոչ առերեսում է տեղի ունեցել, ոչ էլ վկա կա, իսկ կողոպուտը, որի մեջ մեղադրում են նրան, տեղի է ունեցել 3 տարի առաջ, եւ տուժող կինը պնդում է, որ կողոպուտի հեղինակը իր տղան է: Նա նշեց, որ ցանկանում են հանդիպել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, իսկ երբ փոխանցեցին, որ նա այստեղ չի լինում, ասաց, որ չի ցանկանում անհանգստացնել Սերժ Սարգսյանին, բայց կցանկանար հանդիպել Գալուստ Սահակյանին: Սակայն ամուսինները այդպես էլ չսպասեցին եւ հեռացան:











