Այսօր` մարտի 25-ին, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 6-րդ տարելիցն է: Այդ առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին (ֆոտոռեպորտաժ):
Պանթեոն էին այեցելել հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին պաշտոնյաններ: Նրանք բոլորը Անդրանիկ Մարգարյանին հիշում էին որպես հայրենասեր պետական գործիչ, բարի մարդ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն առաջնորդվում է իր հիմնադիրների գաղափարներով, այն է` անմնացորդ նվիրվածություն հայրենիքին, հայրենիքը սիրել ոչ թե խոսքով, այլ գործով` մանրամասն եւ կոնկրետ: «Անդրանիկ Մարգարյանը այն պետական գործիչն էր, ով սիրում էր յուրաքանչյուր հայ մարդու: Նա իր գործունեությամբ ապացուցեց, որ հանդուրժողականությունը, բարությունը, սերը, դրանք նաեւ քաղաքական կատեգորիաներ են: Իր ամբողջ գործունեության մեջ չկար մեկ բան` ատելությունը: Անդրանիկ Մարգարյանը ապաացուցեց, որ գաղափարի մարտիկ է, ուսուցիչ է մեր սերնդի համար: Ինքը շատ սիրելով իր հայրենիքը երբեք անիրատեսական բաներ չէր ասում, քաղաքականության մեջ առաջնորդվում էր կոռեկտությամբ եւ մարդասիրությամբ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը միշտ հարցնում էր, թե ով քանի տարեկան էր, փորձում համեմատել, թե ով է ավելի երիտասարդ, բայց հենց հերթը հասնում էր իրեն, ասում էր` մի էլ ասա, դու շատ երիտասարդ ես: «Չէր էլ թողնում տարիքս ասեմ: Ես այն ժամանակ շատ հասուն էի տարիքով, բայց ինքը միշտ ինձ երիտասարդի տեղ էր դնում, վերաբերմունքն էլ այդպիսին էր, երեւի մի քիչ ավելի բարի, քան մյուսների նկատմամբ, հայրական, ինքը միաժամանակ եւ պահանջկոտ էր, եւ բարի էր, դրա համար շատերը իրեն եւ հարգում, եւ սիրում էին»,- ասաց Էկոնոմիկայի նախարարը: Նա նշեց, որ նախկին վարչապետի բարկության պահերը չեն հիշվել, թեեւ ինքն էլ եւ բարկանում էր, եւ ձեռքը խփում էր սեղանին, հենց կառավարության անդամները »ֆորմատից դուրս էին գալիս», բայց «նույնիսկ իր բարկությունը բարի էր, մենք դրանից չէինք նեղվում»:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւս 3 տարի աշխատել է Անդրանիկ Մարգարյանը: «Համոզված եմ եղել, որ վարչապետը ոչ միայն Կառավարության առաջ դրված խնդիրների լուծմամբ է զբաղված, այլեւ մեզնից յուրաքանչյուրի հետ մարդկային խնդիրները բարձրացնելու, լուծումներ որոնելու ւ կարողություն ուներ: Մեծագույն հայ մարդ, քաղաքական գործիչ, ով ցավոք սրտի, անժամանակ հեռացավ»,- նշեց նախարարը:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւս Անդրանիկ Մարգարյանին բնութագրեց որպես հայրենասեր եւ լավ ղեկավար: «Մենք երկար ժամանակ ենք ճանաչել միմյանց, 1999թ ընտրություններին, երբ Լոռվա վարչության պետ էի, Վազգեն Սարգսյանի հետ այցելեցին նախընտրական քարոզարշավի, իր մասնակցությունը բերեց այդ ընտրություններին»,- նշեց նա:
Պանթեոն էր այցելել նաեւ ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն: Նա նշեց, որ ամեն տարի այս օրը այցելում է Պանթեոն որդու հետ, սակայն այս տարի առանց որդու էր այցելել: Նրա խոսքով` Անդրանիկ Մարգարյանը իր կյանքով եւ գործունեությամբ ցուցյ տվեց, որ կարեւոր է ազգը, ցեղը: Նա առիթ ունեցել է շփվել նախկին վարչապետի հետ, այդ ժամանակ տեսել է նրա նվիրումը հայրենիքին եւ հայ ժողովրդին: Արսեն Գրիգորյանը նշեց, որ մեծ սիրով երգել է մի երգ, որը նվիրված է Անդրանիկ Մարգարյանին: «Մեզ համար յուրաքանչյուր հայ, որն իր անձը դարձնում է միջոց ծառայելու ազգին, պետք է օրինակ ծառայի»,- նշեց նա: Արսեն Գրիգորյանը դրական արտահայտվեց նաեւ Անդրանիկ Մարգարյանի որդու` քաղքաապետ Տարոն Մարգարյանի մասին` ասելով, որ նա արժանի շարունակողն է հոր գործերի: Նրա խոսքով` դա այն մշեցու ընտանիքին է, որն ավանադապահ է եւ որի զավակը չի կարող հեռու գնալ իր ծնողից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











