Թուրքիայում 2011 թվականի Նովրուզի տոնակատարությունների ժամանակ քուրդ բնակչության երթը դաժանորեն ցրած ոստիկանապետին ապտակած քուրդ կին պատգամավորը մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  դատարանը քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելին մեղավոր է ճանաչել՝ պետական ծառայողի դեմ բռնություն կիրառելու համար եւ տուգանել 25 հազար լիրայով (մոտ 14 հազար դոլար)։

Նշենք, որ Շրնաքի նահանգի Սիլոպի շրջանում Նովրուզի տոնակատարության ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր քուրդ բնակչության երթը, որից հետո քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը մոտեցել էր ոստիկանապետին եւ ապտակել՝ բղավելով. «Ի՞նչ եք անում, երեխաներին այդ ի՞նչ եք անում: Մի շարք վիրավորներ կան: Դուք հաշիվ եք տալու ձեր արածի համար»։