Ընդդիմության Համակարգող խորհրդի անդամ Բորիս Նեմցովը քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին մերկացրել է այն բանում, որ նրա հիմնադրամը գրանցված է Կիպրոսում։ Կուրղինյանը պաշտոնապես հերքել է լուրը՝ հայտարարելով, որ մտադիր է դատի տալ ընդդիմադիր գործչին եւ խոստանալով ապացույցներ ներկայացնելու դեպքում հեռանալ քաղաքականությունից։ Ավելի ուշ, սակայն, համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Կուրղինյանն ընդունել է, որ Կիպրոսում ինքն իրոք ֆոնդ ունի, հաղորդում է NEWSru.com-ը։

«Հիասքանչ պատմություն է։ Ս.Կուրղինյանի՝ հայրենասերի ու պետական գործչի, օտարերկրյա որդեգրման դեմ մարտիկի, լրտեսներին ու օտարերկրյա գործակալներին մերկացնողի ֆոնդը գրանցված է … Կիպրոսում»,- գրել է Նեմցովը Ֆեյսբուքի իր էջում։ «Հետաքրքիր է, պուտինյան քանի քծնողներ են էլի գրանցված այնտեղ» - հետաքրքրվել է ընդդիմադիր գործիչը։

Բլոգեր Անդրեյ Մալգինը հիշեցրել է, որ «հայրենասեր Կուրղինյանի ֆոնդը հրաշալիորեն ֆինանսավորվում է», եւ ենթադրել, թե ըստ երեւույթին, Կուրղինյանն իր գումարները փոխանցել է հենց կիպրոսյան ֆոնդին, կամ էլ ուրիշներն են փոխանցել «հայրենասեր Կուրղինյանի համար նախատեսված գումարները»:
Նախօրեին YouTube -ում մի տեսանյութ էր հայտնվել, որը, Մալգինի խոսքով, արված էր «կուրղինյանականների հավաքներից մեկի ժամանակ, որտեղ առաջնորդն ինչ-որ խոստովանություն է անում»։ Ձայնագրության մեջ Սերգեյ Կուրղինյանը հաստատում է, որ ինքն իրոք Կիպրոսում ֆոնդ ունի, «որում 30 եվրո կա»։ «Քանի որ իմ ֆոնդը միջազգային է, իսկ այնտեղ իշխանությունները կոմունիստ են», - պարզաբանել է քաղաքագետը։

«Կուրղինյանը խոստացել է հեռանալ եւ այլեւս աչք չցավացնել, եթե պարզվի, որ ինքը Կիպրոսում ֆոնդ ունի։ Եվ ինքն էլ խոստովանել է դա։ Վերջ, հաջողություն», - սարկազմով արձագանքել է Նեմցովն այդ խոստովանությանը։

Սերգեյ Կուրղինյանը 2011 թվականի սկզբին ստեղծել եւ գլխավորել է «Ժամանակի էությունը» շարժումը։ Կուրղինյանն ու նրա կողմնակիցները պաշտպանում են նորացված ՍՍՀՄ-ը վերականգնելու գաղափարը։ Նա հայտնի է ընդդիմադիր շարժման իր քննադատությամբ եւ Ռուսաստանում «նարնջագույն հեղափոխության» սպառնալիքի դեմ ելույթներով։