Գյումրու տնակներում բնակվող հարյուրավոր ընտանիքների թվում կան բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք երկրաշարժի հետեւանքով իրենց բնակարանները չեն կորցրել, որովհետեւ այդ ժամանակ վարձով են բնակվելիս եղել այլոց բնակարաններում: Այդ իսկ պատճառով նրանք չեն համարվում երկրաշարժից անօթեւաններ եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց ճակատագիրը մնում է անհայտ, եւ դժվար է անգամ կռահելը, թե նման համատարած գործազրկության ու սոցիալ-տնտեսական աղետալի պայմաններում այդպիսի ընտանիքները երբեւէ բնակարաններ կունենա՞ն:

Բնակարան ունենալու հույսից զրկված գյումրեցի անօթեւան ընտանիքների շարքում մեծ թիվ են կազմում միայնակ մայրերը: Անցած ամիս լոսանջելեսյան հեռուստատմարաթոնի ժամանակ հավաքված միջոցներով օգնություն տրամադրելու եւ տեսանյութ պատրաստելու նպատակով «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելեցին քաղաքի կենտրոնական մասում գտնվող տնակային ավաններից մեկում իր 12-ամյա որդու հետ բնակվող, միայնակ մայր Անահիտ Հովհաննիսյանին: