Այս հացադուլն ինձ տվեց հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայականը, ես սա ապրեցի որպես քաղաքացի եւ հուսով եմ, որ մեր համաքաղաքաքցիները եւս կզգան այս հրամայականը: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին Ազատության հրապարակում հայտարարեց Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր ավարտեց իր 21-օրյա հացադուլը: (ֆոտոռեպորտաժ)

«Ուզում եմ, որ ապրիլի 9-ին ունենանք ազգային միասնություն: Ես կգնահատեմ բոլորի քայլերը, այդ թվում պարոն Սարգսյանի, ըստ արժանվույն: Եթե կա այդ քայլը ես կգնահատեմ դա, եթե չլինի, դա էլ կգնահատեմ:

Մարդիկ պիտի դուրս գան չար որակումներից ու մականուններից: Մենք պարտավոր ենք այնպես անել, որ ունենաք համերաշխ, ներդաշնակ ու միասնական ժողովուրդ: Շնորհավոր սուրբ Զատիկ»,-ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածին է այցելելու նաեւ Սերժ Սարգսյանը, եւ հնարավո՞ր է, որ այնտեղ հանդիպեք, Րաֆֆի Հովհաննիսյան արձագանքեց. «Ես գնում եմ իմ աղոթքն ասելու, ես չեմ նայում, թե ով ուր է գնում: Սա մեր ընտանիքի որոշումն է: Ես գնում եմ որպես հավատացյալ, սուրբ Հարության, ոչ երբեք քաղաքական հանդիպման նպատակով»: