Գյումրիի Ղանդիլյան փողոցին հարակից տնակային ավանում բնակվող, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ Անդրե Անդրեյան եւ Վարդանուշ Զաքարյան ամուսինները թեեւ ընդգրկված են բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մերժում են ստացել: «Շիրակ Կենտրոնի» փոխանցմամբ՝ Նրանք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժին կորցրել են սեփական տուն:
Իսկ աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն փոխհատուցվում են անօթեւանների հերթացուցակներում ընդգրկված ընտանիքներից միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրածները:
Նշենք, որ Գյումրիի անօթեւանների հերթացուցակում հաշվառված են նման կարգավիճակ ունեցող տասնյակ ընտանիքներ: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը երկրաշարժից տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` այն սեփակա՞ն տուն է եղել, թե՞ բազմաբնակարան շենքի բնակարան: Մերժում ստանալուց հետո վետերան ամուսինները նոր բնակարանի փոխարեն համաձայն են օրինականացնել իրենց տնակի տարածքը եւ խնդրում են գոնե քարապատել տնակի մեկ պատն ու ցանկապատել բակը: Սակայն այս անգամ էլ տեղական իշխանություններն են մերժել, պատճառաբանելով, թե համայնքապատկան հողերի օտարման մասին կարգի համաձայն պետք է տնակը քանդվի ու տարածքն ազատվի, որից հետո վերջինս կդրվի աճուրդի, եւ միայն այդ աճուրդին մասնակցելով նրանք կկարողանան տարածքն օրինականացնել: Ինչին, բնականաբար, տարեց ամուսինները համաձայն չեն:
Առավել մանրամասն`՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:











