«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած Բուզանդ եւ Ֆիրդուսի փողոցների հարակից տարածքների բնակիչները, իմանալով, որ այսօր՝ ապրիլի 4-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է գումարվելու, հավաքվել էին ՀՀԿ շենքի մոտ, հույս ունենալով հանդիպել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանց հանդիպեցին եւ զրուցեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հովիկ Աբրահամյանը ասաց, որ կիսում է իրենց դժգոհությունը: «Ես նախագահին ներկայացնելու եմ բնակիչների դժգոհությունը, ասելու եմ, որ դժգոհություն կա, ասելու եմ. «Դուք խոստում եք տվել, ես խնդրում եմ հիմա հանձնարարեք, թող կառավարությունը կանչի այս մարդկանց հարցերին պատասխան տա. կոնկրետ, երբ, ոնց, ինչ»,- խոստացավ Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան բնակիչները ասացին, որ որքան հնարավոր է, շուտ պատասխան տան, քանի որ արդեն հոգնել են սպասելուց: Նրանք նշեցին նաեւ, որ այս պահին տեղում է «Գլենդել Հիլզի» ներկայացուցիչ Տիգրան Ասրիյանցը:

Հովիկ Աբրահամյանը զրուցեց նաեւ նրա հետ եւ հարցրեց, թե ինչո՞ւ չի զրուցում մարդկանց հետ եւ իրեն են հարցեր տալիս, որոնց պատասխանն ինքը չունի:

Տիգրան Ասրիյանցն էլ նշեց, որ ապրիլի 2-ին հանդիպում է տեղի ունեցել եւ որոշվել է, որ  հասցե առ հասցե բոլորին կանչելու են եւ հարցին վերջնական լուծում տան:

Հովիկ Աբրահմյանի հարցին, թե շենքը կոնկերտ կառուցվելո՞ւ է, Տիգրանը պատասխանեց, որ շենք չի կառուցվելու, սակայն շուկայական գներին համապատասխան գումարային փոխհատուցում կտրվի:

Հավաքվածները Հովիկ Աբրահմյանին ասացին, որ իրենք չեն հանդիպել «Գլենդել հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանին, սակայն, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եկավ, պարզվեց, որ մեկ տարի առաջ նրանք քաղաքապետի ներկայությամբ հանդիպել են Յաղուբյանի հետ: Դրան Հովիկ Աբրահամյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բայց դուք ինչ դաղալ մարդիկ եք, նոր ասում էիք չեք հանդիպել, բայց պարզվում է` լավ էլ հանդիպել եք»: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հասկանում է բնակիչների դժգոհությունը եւ, եթե իրեն էլ տնից դուրս հանեին, ինքն էլ կբորբոքվեր:

Ի դեպ, հավաքված բնակիչները վերջում Տարոն Մարգարյանին փոխանցեցին, որ առաջիկա ընտրություններոն իրեն են ընտրելու: