Ապրիլի 4-ին, Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեւնելիեեւի հրավերով հավաքվել են երկրում ներկա բոլոր կրոնական խմբերի ներկայացուցիչները, տեղեկացնում են Բուլղարիայի նախագահի մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ Բուլղար ուղղափառ եկեղեցուց, մուսուլմանական համայնքից, հրեական համայքից, Ավետարանական եկեղեցուց, Կաթոլիկ եկեղեցուց: Հայ առաքելական եկեղեցուց հանդիպմանը մասնակցել են Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը եւ Թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը:
Հանդիպման ժամանակ նախագահ Պլեւնելիեւը խնդրել է, որպեսզի բոլոր կրոնական կազմակերպությունները եռօրյա աղոթքի շրջան անցկացնեն՝ սկսված ապրիլի 5-ից մինչեւ 7-ը: «Բուլղար ժողովուրդը կարիքն ունի առավել Հավատքի եւ Հույսի իր բարօրության եւ հանջողությունների մեջ: Հաղթահարելով դժվարությունները՝ բոլորս միասին պետք է սովորենք սխալներից եւ ավելի շատ հավատք ունենանք: Հավատքն է, որ մեզ դարեր շարունակ պահպանել է», - իր խոսքում նշել է Բուլղարիայի նախագահը:
Նա բարձր է գնահատել Բուլղարիայում առկա կրոնական հանդուրժողականությունը տարբեր կրոնական խմբերի միջեւ եւ նշել. «Միասնական աղոթքի մեջ հնարավոր է մարդկանց դուրս բերել այս հիասթափության եւ հուսահատության վիճակից: Բողոքները սկսեցին էլէկտրոէներգիայի ցուցանիշները այրելով եւ հասան մինչեւ ինքնահրկիզման դեպքերի: Այսօր, առավել քան երբեւե, մեր հասարակությունը կարիքն ունի եղբայրական սիրո ձեռքսեղմումի: Աղոթենք, որ այլեւս մարդիկ չհասնեն ծայրահեղության եւ ինքնասպանության: Դիմենք տաճարի եւ հոգեւորի զորությանը, որ հաշտություն եւ խաղաղություն տիրի մարդկանց հոգիներում»:
Ներկա բոլոր հոգեւոր գործիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ մասնակից լինելու այդ շատ անհրաժեշտ հոգեւոր գործողությանը:
Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահը իր խոսքում նշել է, որ երկրում ապրող հայ համայնքը մշտապես իրեն զգացել է իր Հայրենիքում եւ բուլղար ժողովրդի հետ կիսել է թե՛ դժվարությունները, եւ թե՛ ուրախությունները: «Այսօր էլ, երբ Բուլղարիան ճգնաժամային վիճակում է, Բուլղարիայի հայությունը, որպես մեկ մասնիկը այդ երկրի, միանում է իր բուլղար քույրերին եւ եղբայրներին՝ ի բարօրություն երկրի», - ընդգծել է նա: Հոգեշնորհ Հայր Սուրբը տեղեկացրել է, որ սկսած ապրիլի 5-ից մինչեւ կիրակի, ամեն օր Բուլղարիայի բոլոր Հայկական եկեղեցիներում կանցկացվեն եկեղեցական արարողություններ, որոնց ընթացքին մասնավոր աղոթք կկատարվի Բուլղարիայի բարօրության եւ մարդկանց մեջ Հույսի ու Հավատքի զորացման համար:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, հարյուր հազարավոր մարդիկ, Բուլղարիայի տարբեր բնակավայրերում դուրս եկան փողոց եւ պահանջեցին կառավարության հրաժարականը, մենաշնորհների վերացումը եւ քաղաքական համակարգի փոփոխություն: Արդյունքում կառավարությունը հրաժարական տվեց, երկրի նախագահը ցրել է խորհրդարանը եւ մայիսի 12-ին նշանակել նոր ընտրություններ, գլխավոր դատախազությունը զանգվածային ստուգումներ է սկսել էլեկտրաէներգիա վաճառող ընկերություններում: Բողոքի այդ ալիքների ընթացքում եղել են ինքնահրկիզման դեպքեր, որոնց զոհ է գնացել թվով վեց մարդ: Երկրում քաղաքական իրավիճակը մնում է լարված:











