Այս պահին Ազատության հրապարակից մեկնարկում է ընդդիմության երթը: Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, վերադառնալով հարթակ, հայտարարել է, որ երթը կանցնի Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով: Ակցիայի ավարտի կետի մասին նա ոչինչ չասաց, փոխարենը նշեց, որ այն կորոշվի երթի ընթացքում: Միաժամանակ, «Ժառանգության» առաջնորդը հավաստիացրեց, որ Հայաստանում արյուն չի հեղվի. «Մենք երդվել ենք պայքարել եւ դա լինելու է սիրո եւ ազատության մարտ»:

Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ որոշ ժամանակ անց Ազատության հրապարակում կսկսվի համերգ, որին ինքը ներկա կլինի երթից վերադառնալուց հետո:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթի առաջին շարքերն արդեն մոտենում է Հանրապետության հրապարակին: Ընդդիմադիրները վանկարկում են «Սերժիկ հեռացիր»: