Ազատության հրապարակում այսօր՝ ապրիլի 9-ին, նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դանդաղ կարդացել է երդման տեքստը, որը կրկնել են հրապարակում հավաքվածները:
Նա երդման տեքստում, մասնավորապես, ասել է. «Հանուն Հայաստանի Հանրապետության, ես, ՀՀ քաղաքացիս այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ, հայտարարում եմ, որ չեմ ճանաչում այսօրվա ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ հնազանդվելու անօրեն հրամաններին, պաշտպանված եմ իմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ եւ ես չեմ վախենում, ես չեմ վաճառվում, եւ ես չեմ նահանջում: Մենք, ՀՀ քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, որ մենք պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք աղոթքով եւ չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար եւ մենք հաղթելու ենք:
Մենք, նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր քույրերն ու եղբայրները, այլ վերադառնում են բոլոր հայերը եւ ՀՀ քաղաքացիները»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











