Վենեսուելայում առնվազն չորս մարդ է զոհվել նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Վենեսուելայի պետական AVN գործակալությանը:
Երկու մարդ զոհվել է Միրանդա նահանգում, մեկը` Տաչիա նահանգում` Կոլումբիայի հետ սահմանին, եւս մեկը` Սուլիա նահանգում:
Կարակասում բողոքի բազմահազարանով ցույցեր են ընթանում, ընդդիմությունը պահանջում է վերահաշվարկ իրականացնել: Նախօրեին հազարավոր մարդիկ կաթսաներով եւ այլ սպասքով դուրս են եկել փողոց` իրենց բողոքը հայտնելու ընտրությունների արդյունքներից:
Նշենք, որ Ազգային ընտրական խորհուրդը ապրիլի 14-ի ընտրությունների հաղթող է ճանաչել իշխող կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Մադուրոյին: Վերջին տվյալներով, նա հավաքել 50,75 տոկոս, ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսը ստացել է 48,89 տոկոս ձայն, նա իր պարտությունը չի ճանաչել եւ վերահաշվարկ է պահանջել:











