ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ցուցադրել է Բոսթոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության երկու կասկածյալների լուսանկարները եւ դիմել բնակչությանը` նրանց ինքնությունը պարզելու խնդրանքով: ՀԴԲ-ի ներկայացուցիչ Ռիչարդ Դելորյեի խոսքով, այդ պատկերները ստացվել են դեպքի վայրում տեղադրված տեսախցիկներից:
Կասկածյալներից մեկը թխամորթ տղամարդ է` մուգ գլխարկով, մյուսը` սպիտակամորթ տղամարդ: Հրապարակվել է նաեւ տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են նրանք իրար հետ քայլում Բոյլսթոն փողոցում: Երկու տղամարդկանց մոտ էլ ուսապարկեր են:
Դատելով տեսագրությունից` առնվազն այդ պայուսակներից մեկում էլ եղել է պայթուցիկ սարքը: Տեսագրությունից երեւում է, թե ինչպես է սպիտակ տղամարդը ուսապարկը թողնում այն տեղում, որտեղ քիչ անց պայթյուն է որոտում:
Մամուլի ասուլիսից հետո ՀԴԲ-ի կայքը որոշ ժամանակ անհասանելի է եղել, պատճառը այցելուների մեծ քանակություն էր, որ ցանկանում էին դիտել լուսանկարները:
Քննիչները նաեւ հանել են մեղադրանքները Սաուդյան Արաբիայի 22-ամյա բնակչի վրայից, որին ձերբակալել էին հիվանդանոցում: Նրա բնակարանում խուզարկություն էր եղել: Կասկածները հանվել են նաեւ նրա 20-ամյա ընկերոջ վրայից:
Երկու պայթյունները որոտացել էին ապրիլի 15-ին Բոսթոնի կենտրոնական փողոցներից մեկում, մարաթոնի եզրագծից ոչ հեռու: Երեք մարդ զոհվել էր, մոտ 180-ը վիրավորվել էին: Ռումբերը պատրաստված են եղել արագաեփ կաթսաներից, իսկ որպես խոցող տարրեր տարբեր մետաղյա իրեր են օգտագործվել:














