Ֆրանսիայի խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել օրինագծին, որով նույնասեռ զույգերին թույլ է տրվում ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել: Այսպիսով, Ֆրանսիան դարձել է աշխարհում 14-րդ երկիրը, որտեղ նույնասեռ ամուսնություններն օրինականացվել են: Ոմանք այդ որոշումը պատմական են համարում, ոմանք էլ կտրուկ դեմ են արտահայտվում դրան:
Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 331 պատգամավոր, դեմ՝ 225-ը: Ավելի վաղ այս օրինագիծը նախնական հավանության էր արժանացել երկրի խորհրդարանի երկու պալատների (Ազգային ժողով եւ Սենատ) կողմից: Սպասվում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով նույնասեռ ամուսնությունների օրինականացման կողմնակից է, կստորագրի այդ օրենքը, երբ այն արժանանա Սահմանադրական խորհրդի հավանությանը: Ամենայն հավանականությամբ, Սահմանադրական խորհուրդը հավանություն կտա օրենքին: Ենթադրվում է, որ Ֆրանսիայում առաջին նույնասեռ ամուսնությունները կկնքվեն արդեն այս տարվա հունիսին:
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», երկրի խորհրդարանի կողմից նույնասեռ ամուսնությունների օրինականացման օրինագծի ընդունումը բախումներ է առաջ բերել այդ նախաձեռնության կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:
Ազգային ժողովի շենքի մոտ իսկական ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հակամարտող կողմերն իրար վրա շշեր, մետաղյա տարաներ են նետել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:











