Փոքրիկ կմախքը, որ հայտնաբերվել էր Չիլիում 10 տարի առաջ եւ իր տեսքով շատ ուֆոլոգների հույս ներշնչել այլմոլորակայինների գոյության մասին, իրականում մարդ է եղել: Նման եզրահանգման են եկել ամերիկյան գիտնականները, որոնք ԴՆԹ թեսթ են արել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Սիրիուս» վավերագրական ֆիլմում:

«Այլմոլորակայինի» մումիան 2003թ. գտել էր չիլիացի Օսկար Մունյոսը Ատակամա անապատի Լա Նորիա քաղաքում: Լքված եկեղեցուց ոչ հեռու նա սպիտակ կտորով փաթաթված առարկա էր նկատել: Դրա մեջ փաթաթված էր 15 սմ հասակով մարդանման էակ, որն անմիջապես ստացավ «Ատակամայի հումանոիդ» անունը, գրում է NEWSru.com-ը:

Բացի միստիկ վարկածից, թե դա այլմոլորակայինի կմախք է, ենթադրություններ էին արվում, որ դա կապիկի ձագ է կամ մարդու էմբրիոն: Վերջինը, պարզվեց, ավելի մոտ էր իրականությանը: Վեց ամիսների ըթնացքում մումիան հետազոտել են Կալիֆոռնիայի Ստենֆորդի համալսարանի գիտնականները:

Արդյունքում հետազոտողները եզրակացրել են, որ Չիլիի գտածոն «արական սեռի հետաքրքիր մուտացիա է, որ մահացել է 6-8 տարեկանում»: