Հնդկաստանի բնակիչը, ով Գինեսի գրքի բազմակի ռեկորդակիր է, մահացել է ինֆարկտից` հերթական ռեկորդը սահմանելու փորձի ժամանակ:

Ապրիլի 28-ին, Սայլենդրա Նաթ Ռոյն Արեւմտյան Բենգալիա նահանգում փորձել է անցնել գետը` երկու ափերի միջեւ ձգվող պարանի օգնությամբ: Ռոյը պարանի վրա տեղաշարժվել է հատուկ ռոլիկային սարքով, որի վրա ամրացված են եղել նրա հյուսած մազերը: Երկու ափերի միջեւ հեռավորությունը կազմել է 160 մետր, ինչը թույլ է տվել Ռոյին ազատ տեղաշարժվել պարանի վրայով իր մարմնի քաշով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գրեթե միջնամասում սարքը խափանվել է: Տղամարդը ցանկացել է գործն ավարտին հասցնել ձեռքերի օգնությամբ, բայց դա նրան չի հաջողվել: Ռեկորդակիրը հուսահատորեն փորձել է առաջ շարժվել, ձայն է տվել հավաքված հանդիսատեսին, սակայն նրա խոսքերը ոչ ոք չի հասկացել: Այնուհետեւ նա ինֆարկտի պատճառով անշարժ կախված է մնացել պարանից: Ռոյը կախված է մնացել 45 րոպե, մինչեւ նրա մարմինն իջեցրել են:

Սայլենդրա Նաթ Ռոյը Գինեսի գրքի մեջ ընդգրկված մի քանի ռեկորդների հեղինակ է: Նա հայտնի է դարձել նրանով, որ ծանր առարկաներ է տեղափոխել իր մազերի օգնությամբ: