Վենեսուելայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. պատգամավորները անցել են ձեռնամարտի, երբ նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչող պատգամավորներին արգելվել է ելույթ ունենալ:

Ընդդիմությունը հայտարարել է, որենց կողմից տուժել է 7 պատգամավոր: Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավոր Խուլիո Բորխեսը միջադեպից հետո անկախ հեռուստաալիքի եթերում է հայտնվել վնասված դեմքով: Իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցության պատգամավորների շարքում տուժածների մասին տեղեկություններ չկան:

Հակամարտող երկու կողմերն էլ ծեծկռտուքի պատասխանատվությունը դրել են հակառակ կողմի վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Խորհրդարանի նիստերի դահլիճից նիստն ուղիղ եթեր է հեռարձակվել, որտեղ լսվել են սուլոցներ եւ բղավոցներ, սակայն ծեծկռտուքի պահին հեռարձակումը դադարեցվել է: Վենեսուելական Globovision հեռուսստաալիքը հրապարակել է տեսանյութը, որը նկարահանել է պատգամավորներից մեկը: