ԱՄՆ ՀԴԲ-ն առաջին անգամ ամենաորոնվող ահաբեկիչների ցուցակում կին է ներառել: Ջոան Չեսիմարդը մեղադրվում է 40 տարի առաջ Նյու Ջերսի նահանգում օրինապահ մարմինների աշխատակցի սպանության մեջ:

Բյուրոն 1 մլն դոլար է խոստանում այդ կնոջ մասին տեղեկատվության դիմաց: Նյու Ջերսիի ոստիկանությունը եւս Չեսիմարդի մասին տեղեկությունների դիմաց առաջարկում է 1 մլն դոլար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ՀԴԲ տվյալների համաձայն, հետախուզվողը 61-66 տարեկան է:

1973թ 2 ոստիկաններ կանգնեցրել էին այն ավտոմեքենան, որի մեջ էին գտնվում Չեսիմարդն ու նրա մի քանի հանցակիցներ: Այդ պահին կինը ծայրահեղական «Սեւ ազատագրական բանակ» խմբի անդամ էր եւ հետախուզման մեջ էր մի շարք հանցագործությունների համար: Հրաձգության ժամանակ օրինապահ մարմինների աշխատակիցներից մեկը վիրավորվել է, մյուսը` սպանվել:

Արդյունքում Չեսիմարդը ձերբակալվել է 1977թ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, սակայն շուտով նրան հաջողվել է փախչել բանտից: Վերջին անգամ նրան տեսել են 1984թ Կուբայում, որտեղ, որոշ տվյալների համաձայն, նա կարող էր քաղաքական ապաստան ստանալ: Հնարավոր է, որ նա մինչ օրս էլ այնտեղ է թաքնվում:

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնում ներկայումս ներառված է 875 հազար անուն: