Ամերիկացի, զենքի սիրահար Կոդի Ուիլսոնը ատրճանակ է մշակել, որի հիմնական բաղադրիչները ստեղծվել են պլաստիկից եւ տպվել 3D-պրինտերի միջոցով: Ատրճանակը ստացել է Liberator («Ազատարար») անվանումը` ի պատիվ մեկանգամյա ատրճանակի, որ ֆրանսիական Դիմադրության պարտիզաններն օգտագործում էին Երկրորդ աշխարհամարտի տարիներին:

Ատրճանակի 16 բաղադրիչներից մետաղական է միայն փակաղակը (որպես հիմք ընտրված է մեխի կտորը): Դա էլ դրվել է նրա համար, որ զենքը չհայտնվի ամերիկյան «Աննկատ զենքի ակտ»-ում: Փաստաթուղթը թույլատրում է այն զենքի շրջանառությունը, որ կարողանում են հայտնաբերել մետաղորսիչի միջոցով:

Ուիլսոնի պատրաստած զենքը նախատեսված է 9x17 տրամաչափի մեկ փամփուշտի համար: Ուիլսոնը նաեւ փորձել է ատրճանակը հարմարեցնել 5,7x28 տրամաչափի համար, սակայն փորձարկումները չեն հաջողվել, գրում է Lenta.ru-ն:

3D-պրինտերով ատրճանակի ստեղծման գծագրերը Ուիլսոնը դրել է համացանցում` հարուցելով սենատորների զայրույթը: