Սուր զգացողություններ փնտրող երկու մարդ (Հնդկաստանից) շատ յուրօրինակ ձեւով որոշել են փորձարկել մարդու հնարավորությունները. վտանգելով կյանքը՝ նրանք շարժվող գնացքի հետ բախվելուց մի քանի վայրկյան առաջ թռել են կամրջից։

Պարզվել է՝ հուսահատ էքստրեմալների ընկերներից մեկը պնդել է, թե նրանք չեն կարող վտանգել կյանքը հանուն գրազի։ Տղաներն, իրենց հերթին, որոշել են խիզախություն դրսեւորել։ Լսելով մոտեցող գնացքի ձայնը՝ հնդիկները դուրս են եկել ռելսերի վրա։ Երիտասարդները մինչեւ վերջին վայրկյանն անտեսել են մեքենավարի զգուշացնող ազդանշանները։

Գնացքի հետ բախվելուց ուղիղ մեկ վայրկյան առաջ նրանք ոչ մեծ բարձրությունից թռել են գետը։ Որոշելով պարծենալ իրենց խիզախությամբ՝ նրանք տեսանյութը տեղադրել են YouTube-ում, գրում է Life News-ը։

Համացանցից օգտվողներն, իրենց հերթին, սուր կերպով քննադատել են նրանց արարքն ու կարեկցել մեքենավարին՝ հետաքրքրվելով, թե արդոք նա սրտի կաթված չի ստացել։