Բանգլադեշում փլված շենքի փլատակների տակից փրկված կինը պատմել է իր փրկության մասին: Նա հայտարարել է, թե այլեւս հույս չուներ արեւի լույսը տեսնելու: Ռեշմա անունով կինը տեղափոխվել է հիվանդանոց եւ իրեն լավ է զգում:

Ռեշման պատմել է, թե վերջին մի քանի օրերին լսում էր, թե ինչպես են աշխատում փրկարարները, եւ փորձել է օգնություն կանչել: Նա երկար բղավել է, սակայն իրեն ոչոք չի լսել: Նա նաեւ հարվածել է մետաղին` բարձր ձայներ հանելով:

Փրկարարները հայտարարել են, թե կինն իրեն լավ է զգում` հաշվի առնելով դեպքը: Նա նույնիսկ կարողացել է ինքնուրույն քայլել: Փլուզման ժամանակ նա վնասվածք չի ստացել, սակայն արգելափակված է մնացել մեծ տարածքում:

Նրան հաջողվել է փրկվել,ք անի որ որոշ քանակությամբ սնունդ եւ ջուր է եղել: Վերջին երկու օրերին նա միայն ջուր էր խմում, սնունդը վերջացել էր:

Նշենք, որ շենքը փլուզվել էր 17 օր առաջ` ապրիլի 24-ին, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի արվարձանում: Փրկարարները փլատակների տակից հազար դիակ են հանել: