Եմենի մայրաքաղաք Սանայում` բնակելի թաղամասերի հարեւանությամբ ավիաաղետ է եղել: Կործանվել է Su-22 ռմբակոծիչը: Օդաչուն զոհվել է, եւս 18 մարդ վիրավորվել են:
Ռմբակոծիչն ընկել է մայիսի 13-ի առավոտյան, ուսումնական թռիչքի ժամանակ:
Առայժմ հայտնի չէ` կան արդյոք զոհեր գետնի վրա, հաղորդվում է միայն 18 վիրավորների մասին: Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, իսկ այրվող մնացորդները տասնյակ մետրեր թռել են, մի քանի շենք այրվել է, հաղորդում է NTV-ն:
Ականատեսների վկայությամբ, օդաչուն փորձել է հարկադիր վայրէջք կատարել եւ օդանավը փորձում էր հեռու տանել բնակելի շենքերից: Կործանման պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:











