Նոր Օռլեանում Մայրերի օրվան նվիրված շքերթի ժամանակ կրակողների որոնումները շարունակվում են: Ոստիկանությունը հրապարակել է ենթադրյալ կասկածյալների լուսանկարները: Շքերթի մասնակիցները պատմել են դեպքի մանրամասների մասին, հաղորդում է ABC-ն:
«Ինձնից վայրկյան պահանջվեց` հասկանալու, որ պետք է փախչել: Ես վազեցի փողոցով դեպի վեր, անցա երկու տների արանքով, թռա ինչ-որ մեկի ցանկապատից եւ հայտնվեցի ինչ-որ մեկի հետնաբակում: Այնտեղ ես շունչ քաշեցի, երբ տեսա, որ կրակոցներ այլեւս չկան, հասկացա, որ կարելի է դուրս գալ: Եւ բարձր աղաղակներ ու բղավոցներ լսեցի: Այնտեղ վիրավոր կանայք եւ տղամարդիկ կային: Դա իսկական քաոս էր»,- պատմել է միջոցառման հյուր Դերիան Թրոթերը:
Ականատեսների նկարած տեսագրության մեջ կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ պառկած ասֆալտին: Վերջին տվյալներով, հրաձգության հետեւանքով վիրավորվել է 19 մարդ` 10 տղամարդ, յոթ կին, եւ 10-ամյա տղա եւ աղջիկ: Առնվազն երեքին վիրահատական միջամտություն է պահանջվել:











