Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Սպայկա» ընկերության տարածքում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով նախնական տվյալներով տուժածներ չկան: Այդ մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը: Այս պահին տեղում աշխատում են մոտ 16 հրշեջ մեքենա եւ 3 ջրատար (ֆոտոռեպորտաժ)։
Հրդեհը սկսվել է շինության առաջին հարկից եւ տարածվել երկրորդ հարկի վրա: Հրշեջները փորձում են տեղայնացնել եւ մարել հրդեհը, մասնավորապես դեպքի վայրում հավաքվածները հայտնեցին, որ առաջին հարկի հրդեհը մարվել է, հրշեջները փորձում են հանգցնել երկրորդ հարկի կրակը: Ըստ նրանց, այրվում են անվադողեր, ինչը խիստ դժվարեցնում է պայքարը հրդեհի հետ։ Այս պահին Արշակունյաց պողոտայում ծուխ է եւ ուժգին տհաճ հոտ:
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Դեպքի վայր են մեկնել նասնյակից ավել մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը, ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը:
Նախ հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ», ապա բարդության «3-րդ» աստիճան:











