Բեռնատարի վարորդը կենդանի է մնացել` ընկնելով կամրջից եւ թռչելով մոտ 20 մետր: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Զարմանալի է, որ նույնիսկ անկումից հետո նա գիտակից է եղել եւ, ըստ ականատեսների, անընդհատ կրկնել է, որ կմահանա:

Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, մայրուղիներից մեկի վրա: Ինչպես կարծում է ոստիկանությունը, բեռնատարի վարորդը փորձել է խուսափել իր դիմացը կտրած մեքենայի հետ բախվելուց: Կտրուկ մանեւր իրականացնելով` մեքենան կախվել է կամրջից, իսկ վարորդը դուրս է թռել խցիկից եւ ընկել ցած` 20 մետր բարձրությունից, ուղիղ ճանապարհի վրա: Երկրորդ վարորդը եւս վնասվածքներ է ստացել եւ գտնվում է կայուն ծանր վիճակում, հաղորդում է Sky News-ը: Մեքենան այլեւս շահագործման ենթակա չէ: Վնասվել է կամրջի արգելապատնեշը, նաեւ մերձակա շենքի պատը:

Ընկած վարորդին նկատել է գործարանի բանվորը, ով եւ շտապօգնություն է զանգահարել: Վարորդին տեղափոխել են Մելբուռնի Թագավորական հիվանդանոց` գլխուղեղի լուրջ եւ ողնաշարի վնասվածքներով: Իսկ պատի վրա կախված բեռնատարը բարձրացրել են կռունկների միջոցով: Հրշեջները ուսումնասիրել են կամրջի կոնստրուկցիան` պարզելու, արդյոք այն վնասված չէ: