ԱՄՆ-ի օդերեւութաբանական ծառայությունը Օկլահոմայի տորնադոյին Ֆուձիտայի սանդղակով առավելագույն ցուցանիշն է վերագրել՝ EF5։ Ներկայումս հաստատվել է 24 մարդու մահը, որոնցից ինը երեխաներ են։ 230 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 91 զոհերի մասին, որոնցից 40-ը երեխաներ էին։ Տվյալ թվերը պաշտոնապես չէին հաստատվել։
Նահանգապետ Մերի Ֆոլինը տորնադոն անվանել է «Օկլահոմայում երբեւէ եղած ամենաահավոր աղետներից մեկը»։ Աղետից ամենից շատ տուժել է Մուր քաղաքը, որի բնակչությունը 50 հազար մարդ է։ Այստեղ քամու արագությունը եղել է 337կմ/ժ։ Փոթորիկն ավերել է բազմաթիվ բնակելի տներ, հիվանդանոցը, երկու դպրոց, խափանել էլեկտրահաղորդման գծերը, հայտնում է «Ռոսբալտը»։
Ամերիկյան լրատվամիջոցները հաստատում են, որ ավերիչ տորնադոն գերազանցել է 1945թ. Հիրոսիմայի վրա նետած ատոմային ռումբին, որի հզորությունը կազմել էր 13-18 կիլոտոննա տրոտիլ։ Ըստ Օկլահոմա նահանգի ապահովագրական կոմիտեի նախնական գնահատման՝ ապահովագրական վճարումները կգերազանցեն 1 միլիարդ դոլարը, հայտնում է CNN-ը։
Նահանգում որոնողափրկարարական գործողությունները գրեթե ավարտվել են։ Ավելի քան հարյուր մարդու փրկել են փլատակների տակից։
Օկլահոմայում հզոր տորնադոն սկսել էր մայիսի 20-ին։ Նախագահ Բարաք Օբաման նահանգը հայտարարել է աղետյալ գոտի։











